Ինչ-որ մեկը կիսվում է իմ անձնական տվյալներով կամ ֆայլերով՝ առանց իմ համաձայնության

Հարձակվողները երբեմն կարող են հրապարակել տվյալներ ու ֆայլեր, որոնք բացահայտում են ձեր գործունեության կամ անձնական կյանքի այն կողմերը, որոնք կնախընտրեիք գաղտնի պահել։ Այս երևույթին կարճ ասում են՝ «դոքսինգ»։

Դոքսինգի նպատակը թիրախին ապականելն է կամ հասարակությանը նրա դեմ տրամադրելը։ Դոքսինգը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ անհատի հոգե-սոցիալական բարեկեցության, անձնական անվտանգության, հարաբերությունների և աշխատանքի վրա։

Դոքսինգը օգտագործվում է հասարակական գործիչներին, լրագրողներին, մարդու իրավունքի պաշտպաններին ու ակտիվիստներին վախեցնելու համար, բայց նաև հաճախ թիրախավորում է սեռական փոքրամասնություններին կամ մարգինալացված խմբերի անդամներին։ Այն սերտորեն կապված է թվային ու գենդերային բռնության այլ ձևերի հետ։

Դոքսինգի ենթարկողը կարող է ձեր փաստաթղթերը ձեռք բերել տարբեր աղբյուրներից, օրինակ կոտրելով (hack անելով) ձեր անձնական հաշիվներն ու սարքերը։ Հնարավոր է նաև, որ նրանք բացահայտում ու համատեքստից դուրս գործածում են ինֆորմացիան կամ ֆայլերը, որոնք դուք կարծում էիք, թե մասնավոր միջոցներով կիսում էիք միայն ձեր ընկերների, ծանոթների կամ գործընկերների հետ։ Որոշ դեպքերում ոտնձգությամբ զբաղվողներն ընդամենը հավաքում են ձեր մասին հանրությանը հասանելի տվյալները՝ սոցիալական ցանցերից կամ հանրային գրառումներից։ Անգամ այդ հանրային տեղեկատվության համախմբումը՝ նոր, վնասակար, սխալ մեկնաբանված ձևերով, կարող է կոչվել դոքսինգ։

Եթե դոքսինգի եք ենթարկվել, ապա կարող եք օգտագործել հետևյալ հարցաշարը, պարզելու համար, թե որտեղից է ագրեսորը գտել ձեր տվյալները։ Կառաջարկենք նաև վնասը մեղմացնելու միջոցներ, ներառյալ ձեր տվյալներն ու ֆայլերը որոշ կայքերից հեռացնելու մեթոդներ։