Իմ սարքը կասկածելի է գործում
Տարիների ընթացքում վնասակար ծրագրերի միջոցով թվային հարձակումները զարգացել ու բարդացել են։ Նման հարձակումները առաջ են բերում տարբեր ռիսկեր։ Դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ ձեր անձնական հաշիվների, կազմակերպչական ենթակառուցվածքների ու տվյալների վրա։
Վնասակար ծրագրերն ունեն տարբեր կերպարանքներ. վիրուսներ, ֆիշինգային կամ դրամաշորթ (ransomware) ծրագրեր, «տրոյաններ» և ռութքիթներ։ Այս ծրագրերը կարող են բերել համակարգի խափանման կամ թույլ տալ հարձակվողին գողանալ տվյալներ (օրինակ մուտքային, ֆինանսական կամ բանկային հաշվի տվյալներ)։ Ագրեսորը կարող է փորձել ձեզ շանտաժի ենթարկել՝ ձեր սարքն իր հսկողության տակ վերցնելով ու օգտագործելով, ստիպելով դրա համար փրկագին վճարել։ Նա կարող է լրտեսել այն ամենը, ինչ անում եք առցանց կամ սկսել DDoS հարձակումներ կազմակերպել ձեզ վրա։
Հարձակվողի՝ ձեր սարք ներթափանցելու մեթոդները, կարող են անգամ վտանգավոր չթվալ։ Դրանցից են.
Նամակ կամ գրառում սոցիալական մեդիայում, որը ձեզ կգայթակղի բացել անծանոթ հավելված կամ սեղմել հղման վրա։
Հրահանգ ներբեռնելու և տեղադրելու ծրագրակազմ անվստահելի աղբյուրից։
Հորդոր՝ ձեր օգտանունն ու գաղտնաբառը մուտքագրել կայքում, որը նման է նորմալ վեբկայքի, սակայն իրականում հաքերի ձեռքի գործ է։
Լրտեսող ծրագրերի հավելվածի տեղադրում ձեր սարքում, երբ այն թողնում եք առանց հսկողության ու ապակողպված։
Թվային առաջին օգնության հավաքածուի այս բաժնում կօգնենք պարզել, թե արդյոք հավանական է, որ ձեր սարքը վարակված է, թե՝ ոչ։
Եթե կարծում եք, որ ձեր համակարգիչը կամ շարժական սարքը սկսել է կասկածելի գործել, ապա նախ պետք է ուսումնասիրեք ախտանիշները։
Ախտանիշները, որոնք կարող են դիտարկվել որպես կասկածելի գործունեություն, բայց սովորաբար անվտանգ են, ներառում են.
- Հեռախոսազանգերի ժամանակ կոճակների սեղմվելու ձայներ
- Մարտկոցի անսպասելի արտահոսք
- Գերտաքացում, երբ սարքը չի օգտագործվում
- Դանդաղ աշխատանք
Այս ախտանիշները հաճախ անհանգստություն են պատճառում։ Իրականում դրանցից ոչ մեկն ինքն իրենով բավարար անհանգստության պատճառ չէ սարքի անվտանգության առումով։
Իրական ախտանիշները, որ ներթափանցել են ձեր սարք, սովորաբար հետևյալն են.
- Սարքը հաճախակի ինքնուրույն վերագործարկվում է (ռեստարտ է լինում)
- Ծրագրերի խափանում, հատկապես որևէ բան մուտքագրելուց հետո
- Օպերացիոն համակարգի և/կամ անվտանգության թարմացումները բազմիցս ձախողվում են
- Տեսախցիկի ցուցիչի լույսը միացված է, երբ տեսախցիկը չի օգտագործվում
- Կրկնվող «Մահվան կապույտ էկրաններ» կամ «kernel panic» էկրաններ
- Թարթող էկրաններ
- Անտիվիրուսի զգուշացումներ